03 Մարտ 2015, 13:23
1176 |

Եկան տուն

Մի կողմից Հայաստանում կանգ չի առնում արտագաղթի ալիքը, մյուս կողմից՝ առկա է նաև ներգաղթ: Բազմաթիվ սփյուռքահայեր որոշում են իրենց կյանքը շարունակել Հայաստանում: Փորձեցինք մի քանի հայրենադարձից պարզել, թե ինչո՞ւ են նրանք հիմա ապրում Երևանում և ինչ դժվարություններ են եղել տեղափոխման ընթացքում:

Թամար Նաճարեան
Առաջին անգամ Հայաստան էի եկել 11 տարեկանում, ընտանիքիս հետ: Դեռ երեխա էի, և այստեղ իսկական դրախտ էր, ինձ և եղբորս թողնում էին մենակ փողոցում խաղալ: Մենք էլ համոզում էինք բոլորին, որ անձնագրերը դեն նետեն և Հայաստանում մնանք, բայց, ցավոք, պետք է վերադառնայինք Կանադա: Հիշում եմ՝ մի անգամ գնացել էինք Այգեհատ գյուղ, այնտեղ բարեկամներիցս մեկի հետ ման էինք գալիս գյուղով, և նա բացարձակ առանց կաշկանդվելու ինձ տանում էր հարևանների այգիներ, ուրիշների տարածքներ: Այնքան էի վախեցել, կյանքում նման բան չէի արել: Ինձ թվում էր՝ կզայրանան, բայց արի ու տես, որ ում հանդիպում էինք, հրավիրում էր իր տուն թեյ խմելու, մեկը նույնիսկ դդում նվիրեց ինձ... Այնքան էր այդ ամենը տարբերվում Կանադայից, որտեղ նույնիսկ քո բակում երեխային դուրս չես թողնում, վախենալով, որ կգողանան:

21 տարեկան էի, երբ դիմեցի «Դեպի Հայք» ծրագրին և եկա, եկա ու սիրահարվեցի: Միշտ էլ սիրել եմ Հայաստանը, բայց մինչև Birthright-ի ծրագրով գալը, մտքովս չէր անցնում այստեղ տեղափոխվել: «Դեպի Հայքի» հետ պտտվեցի ամբողջ Հայաստանով, Գյումրիին սիրահարվեցի, Ստեփանակերտում եղա, Պռոշյանում, այնքան հաճելի տպավորություններ ստացա: Մարդիկ շատ ջերմ են այստեղ, նույնիսկ դոմիկում ապրող ծեր կինը քեզ կհրավիրի իր մոտ, և իր 20 հազար թոշակից մի մասը կծախսի քաղցր բաներ գնելու վրա, որպեսզի կարողանա քեզ հյուրասիրել: Ես այդպիսի բան երբեք չէի տեսել: Բացի դրանից այստեղ շատ-շատ նոր բաներ անելու հնարավորություններ կան, Կանադայում ամեն ինչ արդեն արված է, ոչ մի լուրջ նորարարություն անել չես կարող: Եթե ուզում ես կյանքում մի բան անել, որը ինչ-որ բան կփոխի, պետք է այստեղ գաս:

Երբ ծրագիրը ավարտվեց, ես արդեն համոզված էի, որ ուզում եմ այստեղ մնալ: Միակ խնդիրն այն էր, որ համալսարանս դեռ չէի ավարտել Կանադայում: Այնպես որ՝ հետ գնացի այդ հարցը լուծելու և վերադառնալու: Մայրս ապշած էր, հայրս էլ իրեն հանգստացնում էր, ասում էր՝ «Թող իրեն, ուզումա գնա, թող գնա»: Չէր հավատում, որ իրոք կգնամ, մտածում էր նույնիսկ, եթե գնամ, հաստատ մի քանի ամսից հետ կգամ:

Վերջում արդեն, երբ գալիս էի, մայրս համոզվել էր, որ ճիշտ բան եմ անում, արդեն ինքն էր ուզում, որ գամ, որ բոլորս տեղափոխվենք այստեղ, հիմա էլ այդ օրվան է սպասում անհամբեր, իսկ հայրս ընդհակառակը, արդեն վերջում աչքերը լցնելով ասում էր՝ «Մի րոպե, աղջիկս իրոք գնո՞ւմ ա, բայց ո՞ր-
տեղ ա գնում»: Առաջին հերթին գալուց հետո պետք է աշխատանք գտնեի:

Առաջին ամիսները խառն էր մի քիչ, մոտս եղած փողերը ծախսեցի, իսկ հետո վերջապես աշխատանք գտա, USAID-ի ծրագրերից մեկում: Աշխատանք գտնելուց հետո մյուս հարցը տուն գնելն էր: Բայց տեղյակ չէի այստեղի կանոններին, ինչ թղթեր պետք է պատրաստեմ և այլն, վախենում էի, որ կխաբեն: Աշխատանքի տեղը օգնություն խնդրեցի և ինձ ուղարկեցին իրավաբանական բաժին: Մտնելուց առաջ կատակով ասեցի՝ «Ով ինձ օգնի՝ մինչև կյանքիս վերջ կսիրեմ նրան», ու այդպես էլ եղավ: Շուտով նշանվեցինք, իսկ ամռանը ամուսնանալու ենք:

Հայապահպանման առումով Հայաստանից լավ տեղ, իհարկե, չկա: Սփյուռքում մաքսիմում էլի մեկ-երկու սերունդ, իսկ հետո... Այստեղ նույնիսկ խառը ամուսնությունների դեպքում, մեկ ա, երեխան հայ է մեծանում, արտասահմանում դա գրեթե անհնարին է: Հայաստանում հայ մնալը հեշտ է: Այստեղ ես կարող եմ պայքարել ոչ թե որ երեխաներս հայ մեծանան, այլ, որ լավ մարդ մեծանան:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով